«Իշխանությունը չի անհանգստանում Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությամբ…». Ալեն Սիմոնյան

Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ խորհրդարանական նիստ ունենանք, հարցեր լինեն քննարկելու: Այս մասին այսօր «Իմ քայլ»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ վարչապետը ելույթով հանդես է եկել, ապա հնչել են հարցեր, վերջում կրկին վարչապետը ամփոփիչ խոսքով է հանդես եկել:

Հարցին՝ օրակարգում ի՞նչ հարցեր կային և ինչո՞ւ էր ներկա Հակոբ Արշակյանը՝ Սիմոնյանը նշեց. «Հակոբ Արշակյանը ՔՊ վարչության անդամ է, ընդհանուր նիստ էր, ինչի պիտի չգար Հակոբ Արշակյանը»:

Դիտարկմանը, որ «Իմ քայլ»-ի նիստ էր, նա նշեց, որ դա չի բացառում, որ Արշակյանը ներկա լինի:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին վերաբերող որևէ հարց քննարկվե՞լ է՝ Սիմոնյանը պատասխանեց. «Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևէ նոր բան չկա ասելու, դուք ամեն ինչ գիտեք, այսինքն այն, ինչ հրապարակավ ասվում է, այն ինչ քննարկվում է, դրանք բազմիցս ապացուցել ենք, որ նույն բանն ենք ասում, նույն բանն ենք խոսում»:

Սիմոնյանը նշեց, որ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր հարցերը, բայց ոչ այն կարևորությամբ, որ ենթադրվում է:

Հարցին՝ իշխանություններին անհանգստացնո՞ւմ է, որ վերաքննիչը փոխեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, չի անհանգստացնում, ինչո՞ւ պետք է անհանգստացնի, անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալումը, որ ինչ որ մեկին բռնել եք, ինչ որ մեկին բաց եք թողնում: Մենք դատարանի վճիռները իմանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հայտնի են դառնում: Մենք որևէ մեկին չենք բռնում, կամ բաց թողնում, դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել երբևէ Հայաստանում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ