Քոչարյանն ազատ է արձակվել, դատարանի սահմանած գրավը վճարվել է

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։

Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին վերաքննիչը որոշեց սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել գրավը 2 միլիարդ դրամի չափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ