Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության վերաբերյալ որոշումը երբ կհրապարակվի

Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացվող փաստական տվյալներն անհիմն էին, կալանքի՝ լուրջ օրինականության հետ կապված խնդիր կար թե՛ մեղադրանքի, թե՛ հիմնավոր կասկածի բացակայության առումով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ Ծառուկյանը դատարանում հայտնել է իր կարծիքը մեղադրանքի վերաբերյալ, նշել է, որ գործը շինծու է, և սա քաղաքական հետապնդում է:

Պաշտպանն ասաց, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ արարքը խիստ տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան: «Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում ԱԺ, ապա պետք է հիմնավորի, որ այդ արարքի պարագայում առկա է անձին անձնեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն, բայց պարզվում է՝ այլ ձևակերպումներով համաձայնություն են ստանում, դատարան այլ ձևակերպում են ներկայացնում:

Օրինակ՝ եթե ԱԺ ներկայացրել են, որ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաև կաշառք է տվել ընտրողներին, ապա դատարանում ներկայացված միջնորդության մեջ այսպես է՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք:

Մեղադրանքի մեջ նշում չկա, որ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տար կաշառք տուր, չկա ապացույց, որ կաշառք է տվել անձամբ և կամ իմացել է, որ որևէ մեկը կաշառք է տվել: Բոլորը ենթադրություններ են, ասում են՝ չի կարող որևէ մեկը կաշառք տա, և ղեկավար կազմը չիմանա»,- ասաց պաշտպանը:

Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի կիրակի՝ հունիսի 21-ին, ժամը 15:00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ