Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօրվա որոշման դեմ:

«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը:

Ընդ որում, գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը:

Ըստ այդմ, կարող եմ ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,-  ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ