Հորդառատ անձրևի հետևանքները այսօր Գյումրիում

Այսօր Գյումրիում հորդատառ անձրև ու կարկուտ է տեղացել։ Կարկտի հաստությունը տեղ-տեղ 10 սմ-ի է հասել։ Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերն ու կարկուտը լցվել են 26 Կոմիսարների և Շիրակացի փողոցների սեփական տները, ավտոտնակները, տնամերձերը։

Գյումրի «Ձորի թաղ» կոչվող հատվածն է, որն ամենացածրադիրն է ու մյուս թաղամասերից անձրևաջրերը կուտակվում են այստեղ։ Բնակիչները բահերով տներից ու տնամերձերից հեռացրել են կարկտի կույտերը։

Ջրածածկ են եղել նաև քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ։ Անձրևաջրերը ողողել են Ալեք Մանուկյան, Տրդատ Ճարտարապետ, Մուսայելյան փողոցները, ավտոկայանի բանավանի տնակները, ինչպես նաև կայարանամերձ հրապարակը։ Գյումրիի այն տարածքներն են, որտեղ ջրահեռացման համակարգը բացակայում է, ու վիճակը նույնն է ամեն հորդառատ անձրևից հետո։

Հորդատառ անձրևի հետևանքով ջրածածկման մասին ահազանգեր Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է Գյումրու գրեթե բոլոր թաղամասերից։ Իսկ կարկտահարությանը վերաբերող ահազանգեր մարզի գյուղական բնակավայրերից չեն եղել։

աղբյուրը՝ ShantNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ