Քանի հիվանդ ունենք ծանր վիճակում, քանիսը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյանը թվեր է ներկայացնում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ կարևորեց հանրային վայրերում, բակերում դիմակ կրելը, ինչպես նաև միջոցառումներ, սգո և հարսանյաց արարողություններ անցկացնելիս պարետատան կանոններին հետևելը։ Ապա անդրադարձավ այսօրվա նոր դեպքերին։

«Առավոտյան ժ. 09։00-ի դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալացվելու, որից 25-ը գտնվում է տանը, որոնցից 9-ը՝ թեթև, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, թթվածնի կարիք ունեցող 80 և ավելի  քաղաքացիներ այս պահին չունենք, որոնք գտնվեն տանը, սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական հաստատություններում, որտեղ նեղ մասնագիտական կորոնավիրուսային բուժում չի իրականացվում և կարիք ունեն տեղափոխվելու այլ հիվանդանոցներ։ Վերջին օրերին ունեցել ենք 200 կամ ավելի քիչ, թիվը միշտ տատանվում է, բայց միտում, իջնելու կամ զրոյանալու, չկա»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև մահճակալային ֆոնդին։ Նշեց, որ ազատ մահճակալներ չկան. եթե  մեկ-երկու ազատ տեղեր լինում են, հաջորդ վայրյկյանին դրանք սպառվում են։

Բժիշկներն իրենք են տվյալ պահին կողմնորոշվում, որ ծանր վիճակի մոտեցող քաղաքացիները ծայրահեղ ծանր վիճակում չհայտնվեն։

«444 հոգի ունենք ծանր վիճակում և 131 ծայրահեղ ծանր վիճակում, որից 39-ը՝ թոքերի արհեստական սարքերի վրա»,- ասաց Թորոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ