![]()
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունենում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների բողոքի քննությունը։
Նիստին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ թե՛ իր կողմնակիցների, թե՛ մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձեւավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է եւ երբեք պատասխանատվությունից չի խուսափի։
«Սա բրենդ է, որը ձեւավորվել է իմ կենսագրության եւ իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է, եւ որեւէ քայլ, որը կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնել, ուղղակի բացառվում է։ Ինձ համար տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ եւ այդ հանգամանքի կարեւորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար»,-ասաց Քոչարյանը։
Նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանն էլ հետաքրքրվեց նրանից, թե ինչո՞ւ է տհաճ իր համար, Քոչարյանը պատասխանեց․
«Ես չեմ ասել ,որ կարեւոր չէ, ասել եմ, որ տհաճ է, որովհետեւ ինձ թվում էր, որ դա այն բանն էր, որի բացատրության կարիքը չպետք է լինի՝ կենսագրությունից ելնելով։ Եթե ես փախչող մարդ լինեի, այդ կենսագրությունը չէի ունենա երբեք։ Գիտե՞ք՝ ժամանակակից հոգեբանությունը մարդու տեսակը բնորոշող բնավորությունն ավելի շատ բացատրում է բիոքիմիայով, այլ ոչ թե՝ դաստիարակությամբ։ Իսկ բիոքիմիան չի փոխվում, մարդ այնպիսին է, ինչպիսին կա»։
![]()