![]()
Համավարակով պայմանավորված՝ ընդունելության մեկ պարտադիր քննությունը նպաստել է, որ ոչ միայն ավելանա այս տարի բուհ ընդունվել ցանկացողների քանակը, այլեւ մեծահասակ դիմորդներինը։
Դիմորդների շրջանում տարիքային բարձր շեմն այս տարվա հետաքրքիր միտումներից է։ Եթե նախկինում կային 10 տարի առաջ դպրոցն ավարտածներ, ապա այսօր հայտ են լրացրել նաեւ 20-25 տարի առաջվա շրջանավարտները։
Երեկ՝ հունիսի 15-ին, ավարտվեց բուհ ընդունվող դիմորդների հայտագրումը, այս պահին տարիքով համեմատաբար ավելի մեծ 184 հոգի է հայտագրվել։
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, նրանց մեջ են մտնում 1964-1995 թվականներին ծնվածները, այսինքն՝ 25-56 տարեկան անձինք։
Այս տարվա ամենամեծ դիմորդը 56 տարեկան է։
Ընդհանուր առմամբ հայտագրվել է նաեւ 1-ական դիմորդ 50, 47, 46, 45 տարեկան։ 3 դիմորդ 43 տարեկան է, 4-ական դիմորդ կա, որոնք 40, 41 եւ 42 տարեկան են:
ԳԹԿ-ից հավելում են, որ բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողներ կան 32-39 տարեկանների մեջ։ Համեմատաբար շատ են 30 տարեկանները՝ 19 հոգի եւ 31-ը՝ 10 հոգի։
Այս տարի ակտիվ են եղել նաեւ 30-ից փոքր տարիքի դիմորդները, հայտագրվել է 29 տարեկան 17 հոգի, 28 եւ 27 տարեկան՝ 14 հոգի (յուրաքանչյուրից)։
Համեմատաբար մեծահասակ 184 դիմորդների մեջ առավել շատ են 25-26 տարեկանները՝ 25 հոգի (յուրաքանչյուրից)։
![]()