![]()
Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Թե կոնկրետ ինչի կասկածանքով եւ ինչ գործի շրջանակում, ԱԱԾ-ից առայժմ չմանրամասնեցին:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակեց նաեւ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։
2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։ Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10 հազար դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում։ Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել եւ տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որի համաձայն՝ ստացել է 10 հազար դրամանվանապես արժեքով թղթադրամներ։
Ընտրությունների ավարտից հետո ստացված գումարների եւ բերված ձայների ամփոփումն արել է Մանուկյանի եւ Առուստամյանի հետ։ Վերնջիններից կանխիկ ստացել է մոտավորապես 90 միլիոն դրամ։ Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ»,- նշել էր Արթուր Դավթյանը։
Աբրահամ Մանուկյանը 2012 թվականին ԱԺ պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Քաղաքականությունից հեռացել է 2018 թվականին:
![]()