![]()
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով վերադարձնում են խիստ սահմանափակումները: Metro-ի հրապարակման համաձայն՝ քաղաքի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակ են: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում առանց հատուկ անհրաժեշտության այցելություններ չկատարել: Նրանք, ովքեր դեռ պետք է տարածաշրջանից դուրս գան, ստիպված կլինեն վիրուսային թեստ անցնել և արդյունքի վերաբերյալ բժշկական վկայական ստանալ:
Պեկինի մի շարք թաղամասեր շարունակում են մնալ խիստ կարանտինում: Մայրաքաղաքի իշխանությունները կասեցրել կամ կրճատել են մի շարք ավտոբուսային երթուղիների աշխատանքը: Չինաստանի մայրաքաղաքի Դասին և Շոուդու միջազգային օդանավակայանները դադարեցրել են ավելի քան 900 ներքին թռիչքներ: Չինաստանի այլ շրջաններից զբոսաշրջային խմբերի կողմից Պեկին այցելելու արգելք է սահմանվել: Չեղարկվել են ժամանցային և սպորտային իրադարձությունները:
COVID-19-ով վարակվածների թիվը հունիսի 17-ի առավոտյան տվյալների համաձայն Պեկինում ավելացել է՝ հասնելով 137-ի:
Երկու ամսվա ընթացքում՝ մինչև հունիսի 11-ը, քաղաքում COVID-19 վարակի նոր դեպքեր չէին գրանցվել:
Պեկինի իշխանությունները իրավիճակը մայրաքաղաքում անվանել են «ծայրաստիճան լուրջ»: Եվ նրանք հավատում են, որ առաջիկա երեք օրերը կլինեն վճռական և հնարավորություն կտան դատել, արդյոք հնարավոր եղե՞լ է արդյունավետորեն դադարեցնել կորոնավիրուսի տարածումը:
Մինչդեռ, որոշ գիտնականներ ենթադրում են, որ «Պեկինի կորոնավիրուսը» կարող է ավելի վարակիչ լինել, քան «Ուհանի կորոնավիրուսը»-ը, իսկ մյուսները, ընդհակառակը, կարծում են, որ այն կարող է լինել պակաս ագրեսիվ:
![]()