![]()
Ես պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթացող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների բողոքի քննությանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
«Նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանրագույն բեռն է ամբողջ կյանքի համար, եւ ամեն մի քայլ անելուց մտածում ես, թե ինչպես կընկալվի եւ ինչ արձագանք կարող է ունենալ, որովհետեւ հասկանում ես, որ գտնվում ես հասարակության խոշորացույցի տակ, սա լրացուցիչ ինքնասահմանափակումներ է առաջացնում յուրաքանչյուր մարդու համար, ով բարձր պաշտոն է զբաղեցրել։ Ինձ համար համար դա մեծագույն պատասխանատվություն է՝ լինելով ՀՀ երկրորդ նախագահ եւ Արցախի առաջին նախագահ, թե ինչ վարքագիծ կդրսեւորեմ, եւ ինչպիսի հանրային արձագանք կլինի»,- ասաց երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ 1988 թվականից որեւէ մեկին առիթ չի տվել մտածելու, որ իր խոսքի տերը չի կարող լինել։
«Հարգելի դատարան, Դուք հիշո՞ւմ եք որեւէ մի դեպք, որ ես հակասել եմ ինձ, այսօր արել եմ մի հայտարարություն, հաջորդ օրն՝ ուրիշ։ Չկա այդպիսի բան»,- նշեց Քոչարյանը։
Նշենք, որ դատավորը հետաքրքրվում էր ՀՀ երկրորդ նախագահի վարքագծով՝ վարույթի ընթացքում։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը դատարանին ներկայացրեց , թե ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանն անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց հետ։
![]()