«Կենսագրությանս հիման վրա բրենդ է ձևավորվել, որը չեմ խախտելու». Քոչարյանը` դատավորին

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ թե իր կողմնակիցների, թե մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձեւավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է եւ երբեք պատասխանատվությունից չի խուսափի։

«Սա բրենդ է, որը ձեւավորվել է իմ կենսագրության եւ իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է եւ որեւէ քայլ, որը կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնել, ուղղակի բացառվում է։ Ինձ համար տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ եւ այդ հանգամանքի կարեւորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար»,- ասաց Քոչարյանը։

Նախագահող դատավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է տհաճ իր համար. «Դուք կանգնած եք պետության ամենակարեւոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ, երկու պետականության առաջին դեմքն եք եղել եւ ներկայացրել եք ՀՀ-ն, սա կարեւոր չէ՞»։

«Ես չեմ ասել ,որ կարեւոր չէ, ասել եմ, որ տհաճ է, որովհետեւ ինձ թվում էր, որ դա այն բանն էր, որի բացատրության կարիքը չպետք է լինի՝ կենսագրությունից ելնելով։ Եթե ես փախչող մարդ լինեի, այդ կենսագրությունը չէի ունենա երբեք։ Գիտե՞ք՝ ժամանակակից հոգեբանությունը մարդու տեսակը բնորոշող բնավորությունն ավելի շատ բացատրում է բիոքիմիայով, այլ ոչ թե՝ դաստիարակությամբ։ Իսկ բիոքիմիան չի փոխվում, մարդ այնպիսին է, ինչպիսին կա»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ