«Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ». Ալեն Սիմոնյան

«Ձեզ թվում է՝ պարոն Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք Ծառուկյանի հայտարարությունից հետո՞: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, և պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդի վրա քրգործ հարուցվեց նրա՝ Կառավարության հասցեին քննադատությունից հետո:

Արդյոք իշխանությանն անհանգստացրե՞լ է Ծառուկյանի և Վանեցյանի հանդիպումը հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց՝ իշխանությանն անհանգստացնում է և մտորումների տեղիք է միայն ՀՀ քաղաքացու հետ շփումը:

«Թե ով, որտեղ, որ այգում, ում հետ կհանդիպի, ինչ հին, քաղաքական մեռել կբերի նոր քաղաքական դաշտ, կփորձի վերակենդանացնել, ինչ կփորձի անել՝ դա չորրորդական բան է: Մեզ համար կարևորը քաղաքացիների հետ մեր համագործակցությունն է»,- նշեց Սիմոնյանը:

Սիմոնյանը հիշեցրեց, որ Ծառուկյանի ընկերությանն առնչվող քրեական գործը 30-40 միլիարդ դրամի շրջանակներում է, և դրա ընթացքում ի հայտ է եկել փաստաթղթերի հավաքածու, որտեղ ցուցակագրված է և հաշված է 2017-ին ընտրությունների ժամանակ գումար բաժանելու պրոցեսը: Ըստ նրա՝ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները չէին կարող չգործել:

«Իրավապահներն ի՞նչ պետք է անեին, պետք է ասեին՝ դե լավ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ինչ անենք, սա ճղենք, քցե՞նք»,- հարցրեց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ գործընթացն ունի ժամկետներ:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ կատարվածին քաղաքական երանգ տալը ուղղակի սակարկումների գնալու փորձ է: «Ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի օրոք»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ