«Սա շատ կարևոր, շրջադարձային պահ է մեզ համար. ունենք հնարավորություն ստեղծել կարգ՝ մեր կամքով». վարչապետ Փաշինյան

Կորոնավիրուսի համավարակին թեթևամտորեն վերաբերվելը տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գուցե սխալվում եմ և ուրախ կլինեմ, եթե դուք հերքեք այս վարկածն ու ասեք, որ այլ պատճառ կա: Սակայն եկել եմ այն հետևության, որ այս ամենը վերաբերմունք է մեր պետական կարգի նկատմամբ: Կրկին պիտի արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի և ավելի շատ պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար: Շուրջ 600 տարի չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը կհամարենք մերը:

Մեզ համար մեր պետական կարգը հարյուրամյակներով եղել է օտարածին և օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան՝ Պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Սովետական Միություն… Պարզ է, նրանց նկատմամբ ունեցել ենք տարբեր վերաբերմունք: Եղել է, որ ակնհայտ լավ կամ վատ ենք վերաբերվել նրանցից որոշներին, սակայն պետական կարգը մեզ համար եղել է օտար և պարտադրված ինչ-որ բան:

Հետևաբար, պետական կարգը մեր գիտակցության կամ ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ: Կարգն ու մեր կամքը միշտ հակադրվել են իրար: Ուստի պետական կարգը մշտապես ոչ թե մեր ազատության գործիքն է եղել, այլ մեզ ազատությունից զրկելու գործիքը: Այսպես ենք ընկալել մենք:

Հիմա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն, սակայն պետական կարգը ենթագիտակցության մեջ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա՝ այս ճգնաժամային իրավիճակում, պետական կարգը, որի նպատակը մեր ազատությունը պաշտպանելն է, ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Ես չեմ կարող այլ բացատրություն տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում հիմա:

Սա շատ կարևոր, շրջադարձային պահ է մեզ համար: Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ, ինչը նշանակում է, որ պետք է ջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ինֆորմացիաները: Սա է մեր իրավիճակի հոգեբանական պատճառը, սակայն այժմ ունենք հնարավորություն ստեղծել կարգ՝ մեր կամքով»,- ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց, որ յուրաքանչյուրը կատարի կարգից բխող պայմաններն ու մյուսներից էլ պահանջի անել նույնը:

Մեր հանրային վարքագծի հոգեբանական շերտերը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, June 12, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ