![]()
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները։ Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։ Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։
Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբիւքյան էջում կոչ էր արել.
Սիրելիներս, խնդրում եմ՝ ամեն մեկդ արեք Ձեր բաժին հայտարարությունը Ձեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, կամ տեսագրեք հայտարարությունը եւ տեղադրեք Ձեր էջում։ Ստորեւ ներկայացնում եմ տեքստը։ Շնորհակալություն աջակցության համար։
Ուշադրություն, խոսում է ՀՀ քաղաքացի Այսինչ Այսինչյանը (սա որպես տարբերակ. ինքներդ ընտրեք՝ ինչպես ներկայանալ)։
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:
Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:
Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:
Սիրելի հայրենակիցներ,
շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։
![]()