«Փառք Աստծո, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ ԱԽ քարտուղարը չեն վարակվել». Փաշինյանը կրկին անդրադարձավ իր վարակվելու հանգամանքներին

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ներկայացրեց կորոնավիրուսով իր վարակվելու եւ առողջանալու ժամկետները:

Ասաց, որ թեստի արդյունքում իր վարակված լինելը առաջին անգամ ախտորոշվել է մայիսի 31-ին, իսկ թեստ արել է ոչ թե ախտանշան ունենալու պատճառով, այլ որովհետեւ պատրաստվում էր աշխատանքային այցի շրջանակներում լինել նաեւ զորամասում:

Այնուհետեւ, ըստ Փաշինյանի, լույս հունիսի 1-ի գիշերը ստացվել է նաեւ իր ու ընտանիքի թեստերի պատասխանը, որով հաստատվել է, որ վարակված են:

Բացասական պատասխանը ստացվել է ուղիղ մեկ շաբաթ անց՝ հաջորդ կիրակի օրը, ինչը, ըստ վարչապետի, նշանակում է, որ ինքը դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ եղել է կորոնավիրուսով վարակված:

«Սա լավ լուր չէ, որովհետեւ ասիմպտոմ դեպքերը բուժվում են 14 օրից հետո, բայց լավ լուրը այն է, որ ըստ էության պատահաբար արդեն ամսի 23-ից ես ոչ մի տեղ առանց դիմակի չեմ եղել, առանց դիմակի շփում (բացի իմ ընտանիքի անդամներից) չեմ ունեցել»,- ասաց վարչապետը:

Բայց քանի որ չի եղել նման դեպք, ուստի վարչապետը արձանագրեց, որ  դիմակով լինելը, սոցիալական հեռավորություն պահելը, ձեռքերը ախտահանելը հանդիսանում է երաշխիք, որ վարակը չի փոխանցվի:

Խոսելով Արցախի նախագահի ինաուգուրացիային մասնակցելու մասին՝ Փաշինյանն ասաց, որ եթե այդ արարողությանը մասնակցել է արդեն վարակակիր լինելով, ապա ուրախ է, որ փակ դահլիճում եղել է դիմակով, Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանի հետ շփվել դիմակով եւ չի վարակել նրան:

Ինչ վերաբերում է Շուշիում Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողությանը, ապա վարչապետն ասաց, որ այդ միջոցառումը տեղի է ունեցել Արցախում հաստատված կանոնների համաձայն: Վարչապետն ասաց, որ իր մի կողքին եղել է ՀՀ ԱԺ նախագահը, մյուս կողքին Անվտանգության խորհրդի քարտուղարը.

«14 օր անցել է, եւ փառք Աստծո, ոչ ԱԺ նախագահը, ոչ Անվտանգության խորհրդի քարտուղարը չեն վարակվել»,- նկատեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ