«Դպրոցում աշխատելու է ոչ թե Կոնվենցիան, այլ՝ ուսուցիչը, օրենքը, դասագիրքը, ծրագիրը, և, իհարկե, ծնողը». նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լանզարոտի կոնվենցիային և դրա կիրառմանը վերաբերող հարցերի շուրջ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակը երկխոսությունն է կոնվենցիայի առնչությամբ հասարակության մեջ առկա մտահոգիչ հարցերի շուրջ: Եվս մեկ անգամ նշելով, որ կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, նախագահն ասել է, որ արտահայտվող մտահոգությունները հասկանալով հանդերձ՝ կարևոր է տարբերակել զգացմունքներն իրականությունից: Նախագահի կողմից կոնվենցիայի ստորագրումով գործընթացը ոչ թե ավարտվել է, այլ՝ սկսվել, որովհետև չափազանց կարևոր է, թե ինչպիսին են լինելու դրանից բխող և ապագայում ընդունվելիք օրենքները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ կոնվենցիային միացած պետություններից յուրաքանչյուրն ինքն է որոշելու և ընդունելու, ստեղծելու այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց արժեքներին, ըմբռնումներին, մշակույթին և ընտանիքի, ծնողի, երեխայի մասին իրենց պատկերացումներին:

Նշելով, որ կոնվենցիան պետք է դիտարկել որպես սկզբունքների հայտարարագիր՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ավելի ծավալուն և կարևոր աշխատանքը սկսվում է կոնվենցիայի վավերացումից հետո: «Կոնվենցիայի հետ կապված անհանգստությունը միայն հայկական ֆենոմեն չէ: Եվրոպական երկրներում ևս կոնվենցիայի նկատմամբ մարդիկ ունեն շատ զգույշ վերաբերմունք, և յուրաքանչյուր ընտանիք, ելնելով նաև իրենց մշակույթից և պատմությունից, շատ զգույշ է, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Բոլորս մի ընդհանուր պատկերացում ունենք, որ երեխաներին պետք է պաշտպանել, որպեսզի նրանք հոգեպես ազատ մեծանան, քանի որ այդ տարիքում ձևավորվում է անհատը: Ծնողները և հանրությունը զգայուն են հատկապես այն հարցի նկատմամբ, թե ինչ, երբ և ինչպես է պետք սովորեցնել երեխաներին»,-ասել է նախագահը։

«Մեր ձեռքերում է, թե ինչպես կվերաբերվենք կոնվենցիային՝ որպես հայտարարությա՞ն, թե՞ որպես պարտադիր կատարման ենթակա դեկրետի»,- ասել է հանրապետության նախագահը՝ վերստին շեշտելով, որ կարևորն ու էականը այն օրենքներն են, որոնք պետք է ընդունվեն որպես կոնվենցիայի գործնական կիրառումն ապահովող փաստաթղթեր: Նախագահն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն մեր ազգային արժեքներին ու ձևաչափին համապատասխան: «Դպրոցում աշխատելու է ոչ թե կոնվենցիան, այլ՝ ուսուցիչը, օրենքը, դասագիրքը, ծրագիրը և, իհարկե, ծնողը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունների շրջանակն, իրենց գաղափարներն ու առաջարկությունները՝ կարևորելով հասարակական ու մասնագիտական շրջանակների մասնակցությունը և վերահսկիչ դերը հետագա փաստաթղթերի և մեխանիզմների մշակման գործընթացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ