![]()
Արտակարգ դրությունը երկարացնելու նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ 3-րդ երկարաձգման ժամանակ որոշակի փոփոխություններ են կատարվել:
Այս անգամ արտակարգ դրության ժամանակ կսահմանափակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար։ Այդպիսի նախադեպեր եղել են:
Ըստ նախագծի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվի հանրային միջոցառումներ անցկացնելը, սակայն պարետն այս արգելքից կարող է բացառություններ անել։
ՀՀ առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվելու է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:
![]()