![]()
«Տարբեր երկրներից Հայաստանին է առաջարկվել առողջապահական օժանդակություն թե՛ մասնագիտական, թե՛ կազմակերպչական. նախատեսվում են բժիշկների այցեր:
Ֆրանսիայից վաղը Հայաստան կժամանի 10 բժիշկ, Լիտվայի կառավարությունն է իր պատրաստակամությունը հայտնել օգնել Հայաստանին: Նրանք, հավանաբար, մեր երկիր կգան եկող շաբաթ»,- ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա ասել է նաև, որ ՌԴ-ից մոտ 50 բժիշկ ցանկություն է հայտնել այցելել Հայաստան. նրանք այստեղ կաշխատեն մի քանի շաբաթ:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ տարվում են բանակցություններ արտակարգ իրավիճակների համար ստեղծված թիմերի այցելության համար՝ դրանք կլինեն, թերևս, լեհական կամ իսրայելական թիմեր, որոնք մեծ փորձ ունեն. հիմա տարբեր երկրներում օգնություն են ցուցաբերում. այս որոշումը, սակայն, դեռ վերջնական չէ, և հստակ չեն ժամկետները»,- ասել է նախարարը:
![]()