Ծառուկյանը խմբակային բռնաբարության գործով դիմել է դատախազին

Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող խմբակային բռնաբարության դատական ակտի հրապարակման հետ կապված նոր զարգացումներ կան: Ծառուկյանի պաշտպանական թիմը դիմել է գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչպես է 40 տարվա վաղեմության դատական վճիռը, որը կայացվել է փակ նիստում, հասանելի դարձել հանրությանը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո սոցցանցերում, ապա մամուլում հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ 1979 թվականին տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:

Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը և ևս երեք անձ 1979 թվականի հունիսի 6-ին Երևանի ռեստորաններից մեկում ծանոթացել են ազգությամբ ռուս իգական սեռի երկու ներկայացուցիչների հետ, ապա նրանց տարել են Կոտայքի մարզ, որտեղ կիսակառույց շինությունում սեռական բռնության ենթարկել և կողոպտել:

Ի դեպ, այս թվականին Ծառուկյանն աշխատել է Կառավարական շենքերի պահպանման առանձին դիվիզիոնում՝ որպես միլիցիոներ, դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց՝ դատավճռի հանրայնացմամբ ապօրինի հրապարակվել են Ծառուկյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ: Նա նաև ընդգծում է, որ դռնփակ անցկացվող դատական նիստերը ու դրանց եզրափակիչ որոշումները հրապարակման ենթակա չեն։ Պաշտպանն այստեղ 308 հոդվածի՝ պաշտոնեական դիրքի չարաշահում է տեսնում:

աղբյուրը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ