Հայաստանում կստեղծվի COVID-19-ի գիտական խորհուրդ

Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ՝ գիտական ջանքերը միավորելու եւ լուծումներ գտնելու համար։

COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդում ընդգրկված են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ), Առողջապահության նախարարության «Հիվանդությունների եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ բուհերի մասնագետներ:

ԳԱԱ-ից հայտնում են, որ խնդիրը քննարկվել է հունիսի 9-ին տեղի ունեցած Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողովի ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության ոլորտների առաջատար մասնագետներ:

«Կարեւոր է, որ մասնագետները` վիրուսաբանները, համաճարակաբանները, միավորվում են միջազգային եւ ազգային մակարդակով, եւ մենք արդեն տեսնում ենք խնդրի նկատմամբ գիտական կենտրոնացում»,- ասել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ