![]()
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի նոր երգի տեսքով:
«Վերջին մեկ տարվա ընթացքում երկրպագուների կողմից շատ նամակներ էի ստանում: Զարմանում էի` ինչպես չէին հոգնում սպասելուց: Բոլորը գրում էին, որ նոր աշխատանք են պահանջում ինձնից։ Ուղղակի հանցագործ կլինեի, եթե չարձագանքեի երկրպագուների խնդրանքներին»,- ասաց նա:
Նոր երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկն է, գործիքավորումն անում է Դեր Հովան. «Երաժտությունը կդիպչի մարդկանց սրտերին և հոգիներին: Ճիշտ է, լիրիկական երգ է, բայց ժամանակակից, ռիթմիկ լուծումներ ունի: Որպես հեղինակ` այս անգամ շատ առումներով Դեր Հովային զիջել եմ: Երաժշտության ոճի, նույնիսկ երգելու ձևի մեջ նրա առաջարկով փոփոխություններ եմ արել»:
Հասմիկի խոսքով` հաճախ նոր երգեր չի ներկայացնում, քանի որ այժմ պահանջարկ ունեցող ոճն իրենը չէ։ «Անուններ տալ չեմ ուզում, բայց հիմա այլ երաժտության պահանջարկ կա,- ասաց նա ու հավելեց,- Չեմ խոստանում, որ առանձնակի ակտիվությամբ կառանձնանամ: Հիմա արդեն երկու երեխայի մայր եմ, պետք է զբաղվեմ նրանց խնամքով»։
![]()
Երգչուհու երկրորդ բալիկը` Գրիգորը, շուտով կդառնա 2 ամսական, բայց արդեն հետաքրքրված է մայրիկի երգերով. «Գրիգորի համար երգել եմ հղիության ամբողջ ընթացքում, քանի որ վոկալ եմ դասավանդել: Դեռ այդ ժամանակվանից լսել է տարբեր ոճերի երգեր: Երկու օր առաջ փորձեցի իր համար երգել ու նվագել: Զգացի, որ ձայնս իրեն ծանոթ է, չզարմացավ»:
Ըստ Հասմիկի` դուստրը` Տաթևը, եղբոր հանդեպ մանկական խանդի զգացում ունի. «Նույնիսկ մեկ անգամ ջուր է լցրել եղբոր վրա: Անընդհատ ուզում է, որ իրեն գրկեմ, ոչ թե եղբորը: Մինչև
երեխայի ծնվելը պատմում էի նրան, որ եղբայր է ունենալու, բայց խոսելով հեշտ էր: Երբ Գրիգորը ծնվեց, իր մոտ սթրես սկսվեց,- ասաց Հասմիկը և հավելեց, որ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի 3-ամյա աղջնակը հասկանա` ինքը ևս ուշադրության կենտրոնում է: -Սկզբնական շրջանում ինձ նույնիսկ մեղավոր էի զգում, որ երկրորդ երեխա եմ ունեցել. ինձ վրա այդ աստիճան ազդում էր Տաթևի հոգեբանական վիճակը: Ինձնից շատ խիստ վիրավորված էր, որ երկրորդ բալիկ եմ ունեցել: Հիմա իր վերաբերմունքը գնալով մեղմանում է. երբ եղբայրը լացում է, Տաթևն արդեն անհանգստանում է: Վստահ եմ` հետագայում շատ ուշադիր քույրիկ է լինելու»:
![]()