![]()
Հունիսի 6-ին ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում, հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները:
Ոստիկանները նշված փողոցում հայտնաբերել են տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 38-ամյա Թելման Կարապետյանն է, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից:
Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը: Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով:
Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Կրակոցների հետևանքով վնասվել է նաև օբյեկտներից մեկի ապակին:
Մինչ Շենգավիթի քննիչները դեպքի վայրի զննություն են կատարել, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը, ում կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի գիշերվա 1-ին հերթափոխի ծառայողները:
![]()