![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը:
«Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:
Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100-ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի՛ խախտեք հակահամաճարակային կանոնները»,- գրել է Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
![]()