«Արա խեղդվա, թողեք, գալիս եմ…». ոստիկաններն առանց դիմակի քաղաքացուն «փռում են ասֆալտին»

Քիչ առաջ սոցիալական ցանցերում հրապարակվեց մի տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները մի քանի հոգով, ուժի գործադրմամբ ձեռնաշղթա հագցնում առանց դիմակի մի քաղաքացու։ Ընդ որում, քաղաքացին, կարծես, չի դիմադրում և մի քանի անգամ ասում է, որ պատրաստ է գնալ Ոստիկանության բաժին, բայց ոստիկանները շարունակում են իրենց բռնի գործողությունները:

«Ախ, արա խեղդվա: Թողեք, գալիս եմ, ա՜խ, գալիս եմ, ա՜խ, ձեռքս»,- ասֆալտին փռված վիճակում ասում է քաղաքացին:

Այս դեպքին ֆեյսբուքում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արդարացրել Ոստիկանության գործողությունները. «Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահնջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ տվյալ քաղաքացին ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար բերվել է բաժին, այս պահին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում:

Հարցին՝ ինչո՞ւ են ոստիկանները նրան «փռել ասֆալտին», երբ քաղաքացին ցանկություն է հայտնում ինքնակամ գնալ բաժին, կառույցից ասացին, որ տեսանյութը ոստիկանությունում անպայման կուսումնասիրվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ