![]()
Պարետատունը հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս:
Այս մասին նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասշտաբային դեպքերին, որոնց լուսանկարները հրապարակել է իր էջում: Փաշինյանի խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որը կկարողանա կարգավորել այսպիսի մասշտաբայնություն ունեցող հարցը:
«Վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը և խնդրի մասշտաբը ճիշտ չներկայացնելու համար, որովհետև էն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է:
Բայց աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որն ի վիճակի լինի էս մասշտաբի խնդրի առնչվել և լուծել էդ հարցը»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ մեր ոստիկանության անձնակազմը առնվազն 4-5 անգամ պետք է մեծ լինի, որ կարողանա լուծել խնդիրը:
![]()