23 մլրդ դրամ հատկացվել է Շիրակի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար


Արմավիր-Գյումրին այլընտրանքային է Գյումրի-Երևան միջպետական ճանապարհին: Մի քիչ երկար է, բայց շահագործվում է, երբ ձմռանը Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածն անվտանգ չէ։

Այլընտրանքային ճանապարհով հիմնական երթևեկողները ծանրաքարշ բեռնատարներն են: Ամբողջ ճանապրհը 30 կմ է, բայց քարուքանդ ու խորը փոսերով անանցանելի հատվածը Բագրավան-Սարակապն է մոտ՝ 8 կմ: Հենց այսքանն էլ հիմնանորոգման ծրագրում է։

Ճանապարհաշինության տեխնոլոգիան, որը հիմա կիրառում են, նորություն չէ. առաջինը Գյումրիի փողոցներում փորձարկվեց: Այն կոչվում է ռեսայքլինգ՝ վերամշակման մեթոդ: Արմավիր-Գյումրի ճանապարհի նորոգման համար դրա կիրառումը երաշխիք է ճանապարհի հիմքի ամրակայման:

«Միջինը 15 սմ հաստության նախկին ասֆալտաշերտը հեռացրել ենք, հատուկ տեխնիկայի միջոցով տեղում ստացել են 10 սմ հաստության ավազակոպճային շերտ, հարթեցումից հետո տեղադրելու ենք 11 սմ խիճ, գործարանային արտադրության բիտումի շերտ, 6 սմ հաստության խոշոր և 4 սմ մանրահատիկ ասֆալտահատիկով շերտ։ Աշխատանքները նախատեսում ենք արագ ավարտել, բայց դա որակի հաշվին չի լինի, ներգրավել ենք չափից շատ տեխնիկա, մոտ 30 միավոր և աշխատուժ։ Գործն արվում է որակով, և նախատեսված ժամկետից ուզում ենք շուտ ավարտել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» շինընկերության տեղամասի պետ Տիգրան Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ