Շիրակի մարզի գյուղերում 55 նոր տուն կկառուցվի

Շիրակի մարզի գյուղական համայնքներում անօթևանության հարցը կլուծվի մինչև 2021 թվականի ավարտը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է Շիրակի մարզի գյուղերում 55 տուն կառուցել: Այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից և նախընտրել են բնակարանաշինությունը:

Նոր տները կառուցվելու են անօթևան ընտանիքների տնամերձ հողատարածքներում։ Բնակարանաշինական այս ծրագիրը տարբերվում է մինչ այս եղածներից սրանով, որ տանտերը ինքն է գտնելու իր տան շինարարին։ Պատվիրատուն պայմանագիր կնքել է «Ֆուլլեր» տնաշինական  կենտրոնի հետ, որը շահառու ընտանիքներին հատկացնելու է շինանյութը և գումար, ինչն էլ որպես աշխատավարձ վճարվելու է շինարարներին:

«55 տունը կառուցվելու է 4 համայնքում և 8 բնակավայրում: 28 բնակարան կառուցվելու է Ջրաձոր գյուղում, մյուս տները կլառուցվելու են մյուս բնակավայրերում: Գումարները հատկացված են շինարարության համար: Եթե ընտանիքը կհրաժարվի բնակարանաշինությունից, չի կարող մասնակցել այս ծրագրին»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը:
Մարզպետարանի ու շինկազմակերպության ներկայացուցիչները գյուղերում շրջայցի ընթացքում ճշտեցին, թե անօթևան ընտանիքների համար որտեղ են տուն կառուցելու:

«Ընտանիքը ինքն է իր տան կառուցապատողը, ինքն է այդ հոգսը տանողը: Մենք ընտանիքին վճարում ենք աշխատանքի դիմաց, եթե կարող է ինքն իր ձեռքով կառուցել տունը, շատ լավ, եթե չի կարող, պետք է գտնի արհեստավոր, վարձի և վճարի ինքը: Մենք միայն ընտանիքի հետ ենք ֆինանսական հարցերը կարգավորում: Մատակարարում ենք շինանյութը և հետևում շինարարության ամբողջ ընթացքին, որ կառուցվեն սեյսմակայուն տներ»,- ասել է «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի ղեկավար Աշոտ Եղիազարյանը:

 

աղբյւրը՝  ShantNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ