![]()
Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:
Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը:
«Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի շատ մեծ խորհրդանիշ՝ ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը: Այս օրը շատ մեծ ուղերձ ունի և խորհրդանշական է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում», — վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասել է Փաշինյանը:
Նա կարծիք է հայտնել, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի և Արցախի կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: «Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի», — նշել է վարչապետը:
«Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
![]()
![]()