Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել, դայակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մանկատան աշխատակիցը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը, նաև ինքնամեկուսացել էին նրա հետ շփված բոլոր անձինք։ Այդ մասին 24News-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Օրեր առաջ Մարտիրոսյանը նշել էր, որ դայակն առաջինն է եղել, ում մոտ 37,6 ջերմություն է նկատվել, և նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն։

«Դայակի թեստի պատասխանը երեկ է հայտնի դարձել, պատասխանը դրական է։ Նա իրեն լավ է զգում այս պահին։ Մանկատան կորոնավիրուսով վարակաված երեխաները և աշխատակիցները ևս սիմպտոմներ չունեն», – նշել է խոսնակը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։

Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ