![]()
Լատինական Ամերիկան դարձել է կորոնավիրուսի համաճարակի բռնկման նոր գլոբալ օջախ: Այդ մասին, Корреспондент-ի փոխանցմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հարցերով տնօրեն Կարիսա Էտյենը:
Ըստ նրա՝ Լատինական Ամերիկան օրական վարակվածների քանակով արդեն առաջ է անցել Եվրոպայից և Միացյալ Նահանգներից: «Մեր տարածաշրջանը դարձել է COVID-19 համաճարակի էպիկենտրոնը», – ասել է Էտյենը:
Տարածաշրջանին սպասում են շատ դժվար շաբաթներ, և Բրազիլիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև համաճարակի ավարտը, ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ Բրազիլիան օրական մահերի թվով առաջատարն է աշխարհում:
Համաձայն Վաշինգտոնի համալսարանի առողջության գնահատման ինստիտուտի (IHME) ուսումնասիրության՝ երկրում մահացությունների ընդհանուր թիվը կարող է աճել հինգ անգամ՝ մինչև օգոստոսի սկզբը հասնելով 125 000-ի:
Էտյենը նաև մտահոգություն է հայտնել Պերուում, Չիլիում, Էլ Սալվադորում, Գվատեմալայում և Նիկարագուայում դեպքերի թվի մեծացման մասին:
IHME-ի կանխատեսման համաձայն՝ մինչև օգոստոս Պերուում կգրանցվի COVID-19-ից մահվան մոտ 20 000 դեպք, իսկ հիվանդների թիվը կգերազանցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մահճակալների քանակին:
Բացի այդ, մահվան դեպքերը Չիլիում կաճեն գրեթե մինչև 12 000, Մեքսիկայում՝ 7 000, Էկվադորում՝ 6 000, Արգենտինայում՝ 5 500, իսկ Կոլումբիայում՝ մինչև 4500:
Տարածաշրջանի առավել բարենպաստ երկրներից մեկը Կուբան է, որտեղ հաջողվում է պայքարել COVID-19- ի դեմ: Այնտեղ, IHME- ի կանխատեսմամբ, մինչև օգոստոս զոհերի թիվը կկազմի ընդամենը 82 մարդ:
![]()