Մանվել Գրիգորյանն ցանկանում է վճարել պետության հարկերն ու տուրքերը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր դատարանում միջնորդեց հանել Գրիգորյանի «Արա և Այծեմնիկ» ընկերության հաշիվների վրա դրված կալանքը, որպեսի իրենք կարողանան վճարել պետական բյուջեի հետ կապված պարտավորությունները՝ հարկերն ու տուրքերը։

Ըստ նրա՝  խոսքը 41 միլիոնի մասին է, սակայն որևէ փաստաթուղթ դատարանին չէին ներկայացրել։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել և դա քննարկել այն ժամանակ, երբ իրեն կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից: 

Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատախազության նախաձեռնության հրավիրված արտահերթ նիստում քննվեց ծանր հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետն այսօր դատարանում հայտարարեց, որ «ներկայումս Մանվել Գրիգորյանի մոտ արձանագրված վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»:

Նշենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ