![]()
Կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել Ն. Ֆ. Գամալեյայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ազգային կենտրոնի աշխատակիցների մոտ, ովքեր կամավոր կերպով իրենց վրա էին փորձարկել իրենց կողմից մշակվող պատվաստանյութը: TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Բոլոր մասնագետները, ովքեր մասնակցել են այս պատվաստանյութի ստեղծման գործին, կամավոր կերպով պատվաստվել են՝ հասկանալով նյութի անվտանգությունը և այն պատասխանատվությունը, որն առկա է պատվաստանյութի մշակման գործընթացում: Այսինքն՝ նրանք չէին կարող իրենց թույլ տալ ինքնամեկուսանալ, կամ ավելին՝ հիվանդանալ: Բնականաբար, հակամարմիններ կան: Մեզ մոտ ոչ միայն ստուգվել են հակամարմինները, այլև ստուգվել է պաշտպանիչ, վիրուսը վերացնող հակամարմինների առկայությունը», – ասել է Գինցբուրգը «Жить здорово!» հաղորդման եթերում:
Ալեքսանդր Գինցբուրգը նշել է, որ Ռուսաստանում նոր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել արդեն 2020թ.-ի աշնանը, սակայն այդ գործընթացը կարող է տևել մինչև 9 ամիս:
Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել հունիսի առաջին կեսին: Նրա խոսքով՝ առաջին հերթին հարկավոր կլինի պատվաստել բուժաշխատողներին, ովքեր անմիջապես շփվում են վարակված հիվանդների հետ:
![]()