«Չեմ ուզում երեխաներս ունենան այն հոգեվիճակը, որը ես եմ ունեցել իրենց տարիքում». Ստեփան Ղամբարյան

Նրան կարելի է բնորոշել մեկ բառով՝ անկեղծ՝ սկսած իր սխալները չթաքցնելուց մինչև մասնագիտական գործունեություն: Ասում է՝ խաղալ շատ է սիրում, բայց ոչ կյանքում. իր խաղը սկսվում և ավարտվում է բեմում:

Չնայած Ստեփանն անկեղծ է՝ իր ունեցած կորուստների, դժվարությունների, ներքին պատերազմների մասին հազվադեպ է խոսում:

-Ստեփան, քչերը գիտեն, որ քեզ անվանակոչել են ի պատիվ քո հոր՝ բալետի արտիստ Ստեփան Ղամբարյանի: Երբ փոքր էիր, գիտակցու՞մ էիր պատասխանատվության այն չափը, որը քո ուսերին էր:

-Վերջերս այնքան էի ուզում խոսել հորս մասին, բայց չէի ուզում արհեստածին լիներ: Չգիտեմ՝ այն ժամանակ պատասխանատվության զգացում կա՞ր իմ մեջ, թե՝ ոչ: Ինձ անվանակոչել է տատիկս, որպեսզի հորս գործի շարունակողը լինեմ: Հայրս միշտ օգնել է ինձ իր խորհուրդներով: Կարծում եմ՝ ոչինչ պատահական չի լինում. ի վերուստ էր տրված, որ ես կրեմ հորս անունը: Ուրախ եմ, որ արդարացրել եմ այն նպատակներն ու հույսերը, որոնք տատիկս կապել է իմ անվան հետ:

-Հայրդ թո՞ւյլ էր տալիս դիպչել կրակին ու սեփական փորձով համոզվել, որ կայրվես, թե՞ զգուշացնում էր, որ տաք է՝ այդպիսով պաշտպանելով քեզ:

-Իմ ամբողջ կյանքն է անցել սեփական փորձով: Հայրս փոքրուց թույլ է տվել, որ սխալներ անելուց հետո հասկանամ՝ որն է ճիշտը: Այրվելը հաճելի չէ, ցավոտ է, բայց միայն այրվելուց հետո է, որ այլևս կրակին չես դիպչի: Երբ ինչ-որ գաղափար մտնում է ուղեղիդ մեջ, մինչև այն չիրագործես, չես հանգստանա: Պետք է այրվել, ընկնել, ցավ զգալ, որպեսզի այլևս չկրկնես այդ սխալները:

-Քո երեխաներին նույն սկզբունքո՞վ ես դաստիարակում:

-Ես վախենում եմ նրանց այդ սկզբունքով դաստիարակել: Հիմա այլ ժամանակներում ենք ապրում, մեր ծնողները լրիվ այլ ժամանակներում են ապրել: Սխալ է այսօր երեխաներին դաստիարակել այն սկզբունքներով, որոնցով շատ տարիներ առաջ ինձ են դաստիարակել: Մեր երեխաները տարբերվում են մեր սերնդից, ծնվում են պատրաստի ձևավորված բնավորությամբ: Աղջիկներս այնպիսի հարցեր են տալիս, որ զարմանում եմ:

Իմ դաստիարակության մեջ շատ մեծ դեր է ունեցել մայրական տատս: Նա չոր, ջղային, խիստ կին էր, քաղցր խոսքեր չէր ասում: Հիմա շատ եմ արժևորում նրա այդքան խիստ վերաբերմունքը:

-Փոքրիկ Ստեփանին այդպիսի վերաբերմունքը չէ՞ր չցավեցնում…

-Այո, դրանից վիրավորվում էի: Ինձ թվում էր՝ տատիկս ինձ չի սիրում: Չեմ ցանկանա իմ երեխաները ունենան այն հոգեվիճակը, որը ես եմ ունեցել իրենց տարիքում:

-Որտեղի՞ց են գալիս քո արմատները, բնիկ երևանցի՞ ես:

-Պապիկիս հայրն ու մայրը գաղթել են Մուշից: Սկզբում Սիլաչի թաղամասում են ապրել, հետո՝ Կոնդում, հետո՝ Փավստոս Բյուզանդ փողոցում: 1900-ականների սկզբներին տեղափոխվել են Մաշտոցի պուրակ և տուն կառուցել: Այդտեղ է ծնվել պապս՝ Գուրգեն Ղամբարյանը, հայրս՝ Ստեփան Ղամբարյանը: Մաշտոցի պուրակում է իմ գերդաստանի պատմությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ