Երևանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով

Երևանի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է: Այս մասին Armtimes-ի հարցմանն ի պատասխան հաղորդել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց կկատարվի թեստավորում, ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասել է Հակոբ Կարապետյանը:

Մանկապարտեզն անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշել է.

«Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 28 դեպք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ