![]()
«Դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը»,- մեր եթերում ասել էր փոխքաղաքապետը:
Սարգիս Գրիգորյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ ուղղակի կարելի է լավ հսկողություն կատարել ռեստորանում, ձեռնարկել համապատասխան քայլեր, ինչպես դա արվում է մյուս ոլորտներում.
«Ես ավելի ողբերգական եմ տեսնում, եթե չի բացվում այդ ոլորտը: Կարող եմ բերել հստակ օրինակներ. Նախ՝ այդ ոլորտի մեջ մտնում են 10-11 մասնագիտություններ, որոնք կենսականորեն կախված են այդ ոլորտի աշխատանքից՝ ռեստորանների սեփականատերեր, մատուցողներ, երաժիշտներ, երգիչներ, հանդիսավարներ, շոու-խմբեր, աման լվացողներ, խոհարարներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, ձևավորողներ, ավտոսերվիսներ, հարսանյաց զգեստների սրահներ, դիմահարդարներ, վարսավիրներ:
Բացվել է դրանցից մոտ 7-8-ը, բայց նրանք գումարային առումով կախում ունեն այն ոլորտից, որը չի բացվել: Նշանակում է, որ հիմա դրանք բացվել են, «տակ տված» են աշխատում»:
Դերասանն ընդգծեց՝ իր առաջարկությունն ավելի շատ օգտակար է իշխանություններին, քան՝ վնասակար. «Ուղղակի պետք է դրա մասին մտածել:
Սեզոնը 4-5 ամիս է, և եթե այդ ընթացքում այդ մարդիկ չաշխատեն, իրենք բավականին լուրջ զանգված են, որոնք մինչև հաջորդ տարվա հունիս խնդիր են ունենալու: Այդ մարդկանց հետո ո՞նց ենք պահելու, ո՞նց ենք կերակրելու, դրա մասին մտածե՞լ ենք: Դրա հետևանքներն ավելի ողբերգական են»:
Դիտարկմանը՝ կառավարությունն ունի աջակցման ծրագրեր, նա հակադարձեց. «Ես էլ եմ ստացել՝ 2.5 ամսվա համար՝ 68.000 դրամ: Դա է աջակցման ծրագիրը. 3 աղջիկ ունեմ, ի՞նչ եմ անելու այդ 68 հազարով, եթե ես պետք է կոմունալները փակեմ, երեխաներիս պահեմ: Բայց մենք փող չենք ուզում, մենք աշխատանք ենք ուզում»:
![]()