![]()
Երկու տարի առաջ երկրում զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունից զրկված և այժմ ապօրինի հարստացման համար մեղադրվող ու իրավապահներից թաքնվող Միքայել Մինասյանը երեկ հայտարարեց Հայաստանում նոր վարչապետի ընտրության անհրաժեշտության մասին:
Ըստ նրա՝ երկրում առկա բոլոր խնդիրների պատճառը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և իշխող քաղաքական ուժը պետք է նոր վարչապետ ընտրի:
Ուշագրավ օրինաչափությամբ՝ այս գրառումից ժամեր անց, գրեթե նույնաբովանդակ կոչով, թվիթերում հանդես եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը, հիշեցնենք, հայտարարում էր, որ որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ։
Պաշտոնանկությունից մեկ օր անց՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Factot TV-ին տված հարցազրույցում Վանեցյանը բացառում էր իր ու Մինասյանի կապը, ավելին՝ պնդում, որ Սերժ Սարգսյանի փեսան օրենքի առաջ շատ հարցերի պետք է պատասխանի:
Այսօր Արթուր Վանեցյանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ քաղաքական լուծումների մասին իր և Միքայել Մինասյանի նույնական մոտեցումների շուրջ։ Նրա հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց, որ Արթուր Վանեցյանը հանդիպման է և դրանից հետո այլևս չհաջողվեց կապ հաստատել ԱԱԾ նախկին տնօրենի հետ։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե նույն օրը նույնաբովանդակ տեքստեր են հրապարակվում այդ երկու գործիչների սոցցանցերի էջերում։
Մանրամասները՝ ստորև ներկայացված Factot TV-ի տեսանյութում
![]()