![]()
Խորհրդանշական է, որ Արցախի նախագահի բարձրագույն պաշտոնն ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ հաղթական մայիսին: Այս խոսքերով սկսեց իր խոսքը Արցախի նորընտիր նխագահ Արայիկ Հարությունյանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.
«Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը, ես եւ մյուս ազատամարտիկները երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես նաեւ ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից: Այսինքն երազանք ունեինք տեսնել միացյալ ու ազատ Հայրենիք:
Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր: Հիշում եմ, թե ինչպես Շուշիի ազատագրման գործողության ժամանակ մեր մարտական ընկերներից Գրիգորին բոլորիցս առաջ գնալով հակառակորդի դիրքը ասել է՝ ես հասցրել եմ ունենալ 4 զավակ, իսկ դուք դեռ երիտասարդ եք, ամուսնացած չեք: Դրանից հետո վիրավորում ստացավ ու հրաշքով փրկվեց: Այդ ժամանակ ես հերթական անգամ հասկացա, թե որքան պարտական ենք Գրիգորիին ու նրա նման հազարավոր հայորդիներին, նրանց հերոսածին մայրերին ու հայրերին, զավակներին: Ինքներս մեզ վստահելու եւ մեր ուժերին վստահելու շնորհիվ, նվիրյալների կյանքի գնով համայն հայության կուռ սատարումով մեզ հաջողվել է հասնել միացյալ ու ազատ հայրենիք ունենալու երազանքին եւ 28 տարի պահպանել ու զարգացնել այն: Այժմ նորանոր երազանքներ դնելու եւ դրանց հասնելու ժամանակն է: Ժամանակն է մտածելու զորեղ հայրենիք կերտելու ուղղությամբ, ժամանակն է երազելու եւ գործելու ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ: Ժամանակն է երազելու եւ գործելու մեր հայրենադարձության իրականացման ուղղությամբ:
Ժամանակն է երազելու եւ գործելու հայոց միացյալ հայրենիքի համամարդկային միջազգային դերակատարության եւ պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ:
Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու եւ ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել:
Երդվում եմ մեզ երազելու եւ գործելու հնարավորություն ընձեռած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման եւ հետայսու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:
Արցախը Հայաստան է եւ վերջ, պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով:
Արցախյան շարժումը հայտ էր թոթափելու զոհի կերպարը, Արցախյան շարժումը հայտ էր սեփական ձեռքով կերտելու սեփական ճակատագիրը: Դա հայ ժողովրդի երբեւէ ունեցած հաղթանակների փառավոր էջերից մեկն էր, որ որի լուսապսակը դարձավ Շուշիի ազատագրման գործողությունները: Այդ ազատության ամենօրյա բերկրանք զգում ենք մայր Հայրենիքի հետ անխախտ ու միասնական կերպով, սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով:
Ես հույս ունեմ, որ Ազգային ժողովի հաջորդ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում, կա նման ցանկություն ԱԺ-ն տեղափոխել Շուշի եւ մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք:
Պարոն նախագահ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների եւ հետեւողական աշխատանքի եւ ինձ այդ գործում տրված հնարավորության համար: Դա ես համարում եմ Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը:
Այս համատեքստում կուզենայի երախտագիտություն հայտնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այս կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման , նրա անվտանգության աստիճանի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել այլեւ պատրաստակամ է հետագա ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում:
Պարոն վարչապետ, ուզում եմ հավաստիացնել, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատարում է մայր հայրենիքին եւ ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսել մեր միացյալ հայրենիքի առջեւ ծառացած իհիմնախնդիրների լուծման ու մարտահրավերների դիակայության բոլոր դժվարություններին:
![]()