Երևանում գողացել են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները

Երևանում անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը և տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչ Գրիգոր Թադևոսյանը:

«Արարատ 73»-ի արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Հիշեցնենք, որ 1973թ. «Արարատին» մարզելու հրավիրվեց սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նա իր սաների հետ ապացուցեց, որ «Արարատն» ի վիճակի է նվաճելու խորհրդային ֆուտբոլի բարձունքները: Մրցաշրջան-73-ն իրոք ոսկե տառերով գրվեց հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Իր պատմության մեջ առաջին անգամ «Արարատը» դարձավ եւ երկրի չեմպիոն, եւ ԽՍՀՄ գավաթակիր:

Արարատը» գերազանց անցկացրեց ողջ մրցաշրջանը` պատվով լուծելով իր առջեւ դրված դժվարին խնդիրները: Դեռեւս մեկնարկում մեր ֆուտբոլիստները գեղեցիկ ոճով հաղթեցին երկրի 1971թ. չեմպիոն Կիեւի «Դինամոյին» (3-1), իսկ հաջորդ խաղում նրանց առջեւ իրենց զենքերը վայր դրեց երկրի 1972թ. չեմպիոն «Զարյան»` զիջելով 11մ հարվածներով (հիմնական ժամանակը` 1-1): 9-րդ տուրում Ալմա-Աթայում հաղթելով  «Կայրաթին» (4-1), «Արարատը» ստանձնեց առաջատարի դերը եւ մինչեւ առաջնության ավարտը միայն մեկ անգամ (21-րդ տուրից հետո) առաջին տեղը զիջեց իր հիմնական ախոյանին` Կիեւի «Դինամոյին»: 16-րդ տուրից հետո «Արարատը» 5 միավորով առաջ էր անցել կիեւցիներից եւ մասնագետներից շատերը գտնում էին, որ չեմպիոնի հարցն արդեն վճռված է: Սակայն մի պահ «Արարատը» տեղի տվեց` չորս խաղում վերացնելով 5 միավորի առավելությունը: Զգացնել տվեցին երկրի գավաթի համար անցկացրած ծանր մրցախաղերը «Զարյայի» (2-0, 0-1), եւ «Դնեպրի» (1-0, 1-0) հետ, որոնք մեր թիմին եզրափակիչի ուղի հարթեցին: Իհարկե, արարատցիների համար դժվար էր երկու ճակատով պայքար մղելը, սակայն ի պատիվ նրանց, մեր ֆուտբոլիստները պատվով դուրս եկան դժվարին քննությունից:

19 տարվա ընդմիջումից հետո «Արարատն» ու Կիեւի «Դինամոն» կրկին հանդիպեցին երկրի գավաթի եզրափակիչում: Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած եզրափակիչը հարուստ էր դրամատիկ պահերով: Հաշիվը 61-րդ րոպեին 11մ հարվածով բացեց Վիկտոր Կոլոտովը: Նիկիտա Սիմոնյանը թարմ ուժեր մտցրեց խաղադաշտ եւ երբ խաղի ավարտին հաշված վայրկայններ էին մնում, Լեւոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Իսկ լրացուցիչ ժամանակի 13-րդ րոպեին Լեւոն Իշտոյանը խփեց հաղթական գնդակը եւ արարատցիները տիրեցին գավաթին: Այդ հաղթանակը նոր լիցք հաղորդեց արարատցիներին, որոնք առաջնության վերջնագծում վսահ ելույթների շնորհիվ հաղթանակով ավարտեցին հաջող սկսած մրցաշրջանը:

Հոկտեմբերի 28-ին «Հրազդանում» ծնվեց երկրի նոր` 8-րդ չեմպիոնը: Մասնագետների համընդհանուր կարծիքով երկրի նոր չեմպիոնը յուրահատուկ ձեռագիր ունեցող թիմ էր, որին չէիր շփոթի մեկ այլ թիմի հետ: Նրա խաղը հիմնված էր ֆուտբոլիստների տեխնիկական բարձր վարպետության, ֆիզիկական գերազանց պատրաստության եւ բարոյակամային բարձր հատկանիշների վրա: Արարատցիներն աչքի էին ընկնում հարձակողական խաղաոճով, առանց գնդակի արագ տեղաշարժերով, եզրերից սլացիկ ճեղքումներով եւ դեպի տուգանային հրապարակ կատարող փոխանցումներով, որոնք հաճախ էին եզրափակվում դիպուկ հարվածներով:

Ֆուտբոլիստների արձաններն են գողանում Նոր Հայաստանում

Posted by Grigor Tadevosyan on Tuesday, May 19, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ