Մեր կրթական համակարգում բովանդակության բացակայություն կա, դպրոցից մինչև համալսարան՝ բոլոր շերտերում ձևականությունը շատ է

Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մեր կրթական համակարգում բովանդակության բացակայություն կա, դպրոցից մինչև համալսարան՝ բոլոր շերտերում ձևականությունը, կեղծիքը շատ է, հաճախ՝ գերակշռող։ Ընդ որում, հանրային ընկալման մակարդակում սա շատ լավ է գիտակցվում։ Տեղական կարմիր դիպլոմով ոչ մեկին չես զարմացնի, բայց եթե դրսում ես սովորել՝ «Օ՜»։ Նույնիսկ չեն էլ կարևորում, թե որտեղ ու ինչ ես սովորել, դրսում է՝ վերջ, ուրեմն՝ շատ խելացի ես ու ինչ-որ բացառիկ բան կա քո մեջ։

Խնդիրներն այնքան մասշտաբային ու խորն են, որ դրանք լուծելն առանձին վերցած մի կառույցի կամ անգամ նախարարի մակարդակով չի կարող լինել. քաղաքական հատուկ որոշում է պահանջվում, որովհետև խոսքը 1-2 անձի կամ համալսարանի մասին չէ, այլ՝ վերից վար ողջ համակարգի, հազարավոր մարդկանց։ Վարչապետի խոսքից հասկացվում է, որ գիտակցվում է դիմադրության մասշտաբը։ Մայիսի 16-ի ասուլիսում վարչապետը նշել է, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ բարեփոխումներն արժանանում են շատ մեծ հանրային դիմադրության։ Իշխանությունը վերցնո՞ւմ է այդ պատասխանատվությունը, մտնում է՞ դրա տակ։ Կարծեք թե՝ ոչ (գոնե առայժմ), որովհետև նույն ասուլիսում վարչապետն իր խոսքն այսպես է շարունակել. «Ենթագիտակցորեն գուցե այդ բարեփոխումների պրոցեսները չենք արագացնում, որպեսզի ոչ թե կառավարությունն ասի՝ այ, հանրություն, հիմա ես էս կրթական համակարգը բարեփոխում եմ նենց, որ հանրությունն էլ կանգնի-ասի՝ վայ, էս ինչ եք անում, այլ՝ հանրությունն ինքը պահանջը դնի, ասի՝ էս ինչի՞ եք դանդաղում, արագ բարեփոխեք կրթական համակարգը»։

Գուցե կան մարդիկ, որ 2018-ն ընկալել են հենց որպես բարեփոխումների պատվեր, այնինչ պարզվում է, որ հանրությունը պետք է նորից պահանջ դնի, թե «էս ինչի՞ եք դանդաղում»։ Ստացվում է, որ «էն ժամանակ ոնց որ տենց չոտկի չէիր ասում, էլի» (վարչապետը «Կարգին հաղորդումից» հաճախ է մեջբերումներ անում): Հասկանալի է, որ վստահության պաշարի բնական նվազմանը զուգընթաց նվազում է նաև բովանդակային փոփոխությունների գնալու իշխանության ռեսուրսը։ Սա միայն կրթական համակարգի խնդիր չէ, այլ՝ արժեքային, անգամ քաղաքակրթական։

Արժեքների բախումը նույնիսկ փոփոխությունների այս սաղմնային մակարդակում ակնհայտ դարձավ։ Կարդացեք ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի տեքստը, հետևեք հարցազրույցներին ու դրանց հակադարձումներին, և տեսեք, թե որտեղ է մտավորականը, որտեղ է բովանդակությունը, ու հարցրեք ձեզ, թե ո՞ւմ կվստահեիք ձեր երեխայի կրթությունը։ Գոգյանը խորքային փոփոխություններ էր առաջ մղում, կպնում էր թարախային կետերի, և բնական է, որ հզոր դիմադրություն էր լինելու, բայց պետությունը չի կարող տեղի տալ դրան, որովհետև սա անձի հարց չէ։ Տեղի տալը կնշանակի առաջին պլան մղել ոչ թե տաղանդը, աշխատանքը, արդյունքը, այլ՝ «շուստրիությունը», կապերը և դրանց բերած որակը։ Հենց սա է որակազրկում ու կազմաքանդում կրթական համակարգը։ Եվ քանի որ դրանով անցնում են բոլորը, այդ արժեքները դարձել են հասարակական հարաբերությունների նորմեր։

Իսկ Գոգյանի հարցը հեշտ է. մարդը գիտնական է, դպրոցից մինչ բուհ ու օլիմպիական թիմ բոլոր օղակներում աշխատող, բովանդակության հետևից գնացող անձնավորություն, որը թերևս անձնապես միայն կշահի պաշտոնյա չլինելով։ Կորցնողը երկիրն է լինելու։ Քանի՞ իրական գիտնական է մնացել Հայաստանում։ Երկու ամսից Գոգյանի մարզած թիմը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից մի կես կիլոգրամ մեդալ կբերի։ Ի՞նչ ազդակներ ենք հղում այդ երեխաներին։

Մեր կրթական համակարգում բովանդակության բացակայություն կա, դպրոցից մինչև համալսարան՝ բոլոր շերտերում ձևականությունը,…

Posted by Rafayel Teymurazyan on Tuesday, May 19, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ