Տիկին Զոհրաբյան, տվեք ինձ կանաչի վաճառող այդ տատիկի համարը, ում տուգանել են․ դա հնարավոր չի

 

«ԲՀԿ-ի գործընկերները խոսեցին միայն դիմակների գներից: Հիշեցնում եմ, թե պետությունն ինչ է արել այս ոլորտում: Դիմակների ներկրումը մաքսատուրքերից ազատված է»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով դիմակների գների մասին ԲՀԿ պատգամավորների մտահոգություններին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Դա ինչ-որ տեղ մեզ բերեց նրան, որ դիմակն արժի 200-250 դրամ»,-ասաց նա:

Ապա Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նկատառմանը, թե իր տան դիմաց կանաչի վաճառող տատիկը 100 000 դրամով տուգանվել է, եւ դա անհամաչափ տուգանք է:

«Ես չեմ հավատում տատիկի պատմությանը: Ոչ թե ասում եմ, որ ստում եք, այլ չեմ հավատում, որովհետեւ մարդն իր տան դիմաց գտնվելու համար պարտավոր չէ տեղաշարժման թերթիկ ունենալ: Ավելին՝ գյուղատնտեսական արտադրությունն այս ընթացքում արգելված չի եղել: Խնդրում եմ, տիկին Զոհրաբյան, տվեք ինձ կանաչի վաճառող տատիկի հեռախոսահամարը, տեսնեմ, թե ինչպես է տուգանվել՝ այն դեպքում, երբ գործունեության այդ տեսակն արգելված չի եղել»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը:

Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չունենալը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ