«Կրե՛ք էդ անտերը, ժողովո՛ւրդ ջան…». Արարատ Միրզոյանի հորդորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալով նշեց.

«Անկեղծ ասած՝ էս քննարկումը լսելիս ես մի անեկդոտ հիշեցի. մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում՝ էսօր վաճառողին խաբել եմ, փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Եկեք՝ հասկանանք, թե էս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար: Քննարկում եք՝ էս պարագայում պարտադիր է, կարող է՝ դեմքին չլինի, պայուսակում լինի, բա ռեստորան մտնելի՞ս: Անվերջ կարելի է իրավիճակ հնարել՝ ոնց կարելի է խուսափել պատժվելուց, միշտ կարելի է «բայց»-երի շուկայով գնալ:

Լավ, հնարավոր է շրջանցել, հիմա հարց՝ իմա՞ստը, այս պատմության մեջ ով ում է խաբում: Կառավարությունն ինչո՞ւ է անում, որ տուգանի՞ մարդկանց, ինչի՞ համար է անում. անում է, որ էդ մարդկանց պաշտպանի: Աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա՝ դիմակը պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ, ԱՀԿ-ում երկուշաբթի օրերն ասում են՝ օգնում է, երեքշաբթի ասում են՝ չի օգնում, հետո նորից չորեքշաբթի ասում են՝ չէ, ոնց-որ օգնում է,այսինքն՝ կա շանս, որ օգնում է, կրե՛ք էդ անտերը, ժողովո՛ւրդ ջան, ունեցեք մոտներդ, ասում են՝ չէ, սենց կանենք, չենք տուգանվի»:

Միրզոյանը նկատեց՝ կառավարությունը պիտի ունենա գործիքներ, որ ազդի, որ այս արտակարգ իրավիճակում ընդունված որոշումները իրագործվեն, քանի որ տեսնում ենք, որ ոչ միայն Հայաստանում կա կասկածամիտ վերաբերմունք, որոշակի վերապահում, ուստի կառավարությունը պիտի ունենա գործիքներ ցանկացած երկրում, և մի գործիքը պատիժն է, բայց տեսնում ենք, որ համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ և չի էլ կարող հանգեցնել արդյունքի:

«Սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ունի մտադրություն՝ սկսել լայնորեն կիրառել այս պատիժը, քանի որ նախկինում էպիզոդիկ էր, չափը իջեցնում են, որ կարողանան շատ կիրառել, և դա սթափեցնող ազդեցություն պետք է ունենա, ընդամենը սրա մասին է խոսքը։ Մեկին խնդրելով, բացատրելով, մեկին համոզելով, մեկին տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն էս իրավիճակին: Այո՛, դիմակների գները կապ ունեն, առաջարկ-պահանջարկի մասին պնդումները տեղին չեն, կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռք առնի դիմակի գնի սահմանաչափ սահմանելու համար»,- ասաց նա:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ