Վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:

«Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:

Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:

Բացի այդ, վճարովի թեստավորման իրականացման թույլատրելիության դեպքում այն կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում:

Նման գործունեությունն անթույլատրելի է նախ աշխատակիցների և այցելուների շրջանում վարակի տարածման, և ապա հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու նկատառումներից ելնելով»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ