5 հոգի հոսպիտալացվել է, մի քանիսը հազում են. ինչպե՞ս է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ

Դեռ պարզ չէ, թե որտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Ոչ ոք դուրս ու ներս չի արել ինտերնատից, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից և թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել:

Միակ մուտք ու ելքի դեպքը սա է եղել:

Պետք է նաև հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, գրեթե 50 մետր հեռավարության վրա»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ