![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների խնդրանքով արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Գարեգին Նժդեհի հասցեին հնչեցրած գնահատականներին և Հայաստանին նացիստների հետ համագործակցելու մեջ մեղադրելու փորձերին:
«Գարեգին Նժդեհի հետ կապված մի նրբության եմ ուզում անդրադառնալ. դեռ Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ եմ անդրադարձել դրան: Ռուսական մամուլում մի շատ լավ հոդված կարդացի, որտեղ ասվում էր՝ Գարեգին Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել, մասնակցել է Բալկանյան պատերազմին ռուսական բանակի կազմում և պարգևատրվել է, այս առումով կարծում եմ՝ Ռուսաստանում ևս նրան որպես պատմական ֆիգուր և ռուսական բանակի սպա պետք է վերարժևորեն»,- ասաց նա:
Վարչապետը հայ ժողովրդի՝ Հայրենական պատերազմին մասնակցության տվյալներ ներկայացրեց, նշեց՝ հնարավոր չէ հայ ժողովրդի ավանդը և մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին նսեմացնել, ընդ որում՝ ոչ միայն ԽՍՀՄ կազմում, այլև աշխարհում: Նա նշեց ֆրանսիական դիմադրության լիդերներից Միսաք Մանուշյանի օրինակը:
«Քանի որ ադրբեջանցիները անընդհատ փորձում են մեզ ներկայացնել որպես նացիստների հետ համագործակցող, մի քանի տվյալ ներկայացրեմ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ադրբեջանի մոտ 75 000 քաղաքացի ներգրավված է եղել նացիստական լեգեոներական խմբավորումներում, գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է դրա համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները՝ սկսած հագուստից՝ նացիստական տարբերանշաններով, ղեկավար կազմը նացիստական հետախուզական դպրոցներում դասընթացներ է անցել և այդպես շարունակ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը նաև հայտնեց՝ ժամանակին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը, այսինքն՝ այդ մարդիկ ունեցել են պաշտոնաթերթեր՝ նացիստա-ադրբեջանական դրոշ, համազգեստ:
«Բայց այս պատմության մեջ շատ ավելի կարևոր է՝ ինչպես են վերաբերում ադրբեջանա-նացիստական խմբավորման թիվ մեկ կազմակերպչին: 2014թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Ռասուլզադեի 130-ամյակը»,- ասաց վարչապետը:
![]()