![]()
2019 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի դաշնության քրեակատարողական հիմնարկներից մեկում մահանում է հայազգի դատապարտյալ, 27-ամյա Արտյոմ Ղարաջյանը. նրա դին հատնաբերվում է հիմնարկի բժշկական մասում: Մահվան փաստով նախապատրաստվում են նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցվում, հաղորդում է Forrights.am-ը:
Դիահերձման ժամանակ Արտյոմ Ղարաջյանի վրա հայտնաբերվում են մի շարք մարմնական վնասվածքներ: Այնինչ քննիչն արձանագրում է՝ որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետեւանքով, այնինչ հայրը վստահ է՝ որդուն սպանել են։
«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել»
27-ամյա Արտյոմ Ղարաջյանը Ռուսաստան էր տեղափոխվել 2016 թվականին՝ աշխատելու նպատակով։ Որոշ ժամանակ ծնողները լուր չեն ստանում նրանից, հետո պարզում՝ Արտյոմը կալանավորված է․
«Ռազբոյ ա եղել ինչ-որ, էդ մեղադրանքով են տարել բաժին, հետո, օգտվելով էն հանգամանքից, որ երեխես ռուսերեն լավ չի հասկանում, բռնել երկու գործ էլ վրեն են դրել։ Իրա մոտ, որ գնացի, երդվում պատռվում էր, որ կապ չունի էդ հանցանքների հետ, ասում էր՝ ես չեմ արել, բայց դե հավատացողն ով էր։ Մի ռազբոյի համար 11 տարի դատում են տղուս»,- Forrights-ի հետ զրույցում ասում էր հայրը՝ 67-ամյա Սոկրատ Ղարաջյանը։
Հայրը որդուն մի քանի անգամ է հասցնում տեսակցել։ Հանդիպումներից մեկի ժամանակ Արտյոմը պատմում է, որ եղել է ՌԴ մի քանի քաղաքների բանտերում, որտեղ անասելի ձեւով խոշտանգվել է․
«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել։ Միայն ձեռքը կոտրելուց հետո են ազատ արձակել։ Նովոռոսիսկում ու Վոլգոգրադում սրսկել են, թուլացել ա, հետո սկսել են ուժեղ ծեծել։ Ինքը չի կարողացել պատասխանի կամ պաշտպանվի։ Տղես բարբի չեմպիոն էր, մեդալներ ուներ, չէր կարող տակ մնալ, ուրեմն ինչ ուժեղ դեղ ա եղել կամ ինչ աստիճանի են ծեծել, որ չի կարողացել պաշտպանվի»,- հուզված պատմում է հայրը։
Արտյոմի դին Հայաստան են տեղափոխում մահից երեք օր անց։ Որդու մարմնի վրա հայրը բազմաթիվ վնասվածքներ է հայտնաբերում ձեռքերին՝ ձեռնաշղթաների հետքեր, քթի վրա՝ թարմ վերքեր, ճակատի հատվածում՝ փոքր ուռուցք, ոտքի եւ գլխի հետեւը՝ պատռվածք։ Այս ամենն արձանագրում է Ստեփանավանի դատաբժիշկը, սակայն Սոկրատին տեղեկացնում, որ իր կողմից տրված թուղթն էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ նախ պետք էր դեպքի մասին Ոստիկանությանը հայտնել։
Մահվանից կես տարի անց հայրը շարունակում է ճշմարտությունը որոնել։ Ասում է՝ գոնե իմանա՝ ով ա արել, ինչի՞ ա արել։
Նյութը ամբողջությամբ՝ այստեղ
![]()