ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ ի հայտ է եկել տարօրինակ բորբոքային համախտանիշ

ԱՄՆ-ում բժիշկները կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ տարօրինակ բորբոքային համախտանիշ են հայտնաբերել:

Կոնեկտիկուտ նահանգի բուժհաստատություն են դիմել մի քանի մանկահասակ պացիենտներ՝ տարօրինակ բորբոքային համախտանիշի առկայությամբ, որոնք, հավանաբար, կապված են COVID-19-ի հետ: Այս մասին հայտնել է նահանգապետ Նեդ Լամոնտը Թվիթթերի իր էջում:

Երեխաների մոտ նկատվում է նշագեղձերի բորբոքում, փորի ու կրծքավանդակի շրջանում ցավ և այլ համախտանիշներ, որոնք բնորոշ չեն կորոնավիրուսին:

НТВ-ի փոխանցմամբ՝ տարօրինակ հիվանդությունն առաջին անգամ նկատել են Անգլիայում, ապրիլի կեսերին, ապա նաև ԱՄՆ-ում:

Հիմա բժիշկները հետևում են 3 ամսականից մինչև 14 տարեկան երեք պացիենտի առողջական վիճակին:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է. որ նահանգում կորոնավիրուսով վարակված երեք երեխա է մահացել առայժմ անհայտ հիվանդությունից: Առողջապահության դեպարտամենտն ուսումնասիրում է նման 73 դեպք:

Ավելի վաղ այդ համախտանիշի մասին զգուշացրել էր Նյու Յորքի քաղաքապետը՝ Բիլ դե Բլազիոն, ում խոսքով՝ քաղաքում գրանցվել է 15 դեպք, երբ հիվանդությունը երեխաների մոտ առաջացրել է համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ:

Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 80 հազարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ