![]()
Երեկ գիշերը համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Հակոբ Բերբերյան անունով մի երիտասարդ ակնհայտ սադրանքի է ենթարկում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ Վերջինս հարց է ուղղում ԱԳ նախարարին՝ կապված վերջին օրերին քննարկման կենտրոնում հայտնված՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ:
«Դուք պատկերացնում եք, որ ես ինչ-որ բան կարող եմ անել, որ վա՞տ է մեր երկրի համար։ Ոչ մեկը չի ծախելու Ղարաբաղը, ոչ ոք ինձնից ավելի շատ հայրենասեր չէ»,- այսպես է արձագանքում երիտասարդի հարցադրումներին Զոհրաբ Մնացականյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերը նշված անձնավորությունը սերտ կապերի մեջ է հայտնի շրջանակների՝ «Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանի, ՎԵՏՕ-ի Նարեկ Մալյանի հետ, վերջինիս հետ էլ մասնակցել է հակասորոսական ակցիաներին։
Ի դեպ, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ արտգործնախարարը հնչեցված հարցի վերաբերյալ բազմիցս իրենց տեսակետը հայտնել են։ Հստակ ասվել է, որ փուլային տարբերակը՝ այն տարբերակով, որ նկատի ունի Ադրբեջանը, հայկական կողմի համար ընդունելի չէ։ Եվ ուրեմն ո՞րն է հայտնի շրջանակների կողմից նման սադրանքի դիմելու պատճառը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ միջադեպն ուներ հստակ ներքաղաքական շարժառիթներ: «Եվ ես չեմ բացառում, նաև լրջագույն հիմքեր ունեմ կասկածելու, որ ուղղորդվում էր դրսից։ Հարցն այն չէ՝ հավատում են, չեն հավատում, բավարարվում են պաշտոնական պատասխաններով, թե ոչ, այլ նրանք հենց այդպիսի սադրիչ պահվածքով ուղղորդված ձևով փորձում են մեր տարբեր պաշտոնյաներին ուղղակի հունից հանել և դրանով ապակայունացնել ներքին իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Երեկվա տեղի ունեցածը սադրանքների սերիայից հերթականն էր, այդպիսիք էլի կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Մեհրաբյանի՝ ամենատարակուսելին այն էր, որ մեր երկրի թիվ մեկ դիվանագետը պաշտպանված չէ տարբեր լածիրակների ոտնձգություններից։
Արդյոք սա Հայաստանում հինգերորդ շարասյան գործունեության մի մա՞սն է՝ հարցին ի պատասխան Մեհրաբյանն արձագանքեց. «Ես, այնուամենայնիվ, մեր հասարակության մեջ չեմ ուզում նման խավի առանձնացնել որպես այդպիսին։ Բայց այդ պահվածքը, այո՛, հինգերորդ շարասյան պահվածք է։ Որքան էլ ես չցանկանամ, այդ սադրիչ պահվածքով սեգմենտը ինքն է իրեն դնում հինգերորդ շարասյան ամբողջ շրջանակի մեջ։ ՀՀ իրավապահ մարմինները սրան պետք է ամենայն լրջությամբ վերաբերվեն։ Սա այն դեպքն է, երբ ասֆալտին փռելն ուղղակի այլընտրանք չունի՝ օրենքի տառին համապատասխան»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ժողովրդավարական ընթացակարգով ժողովրդավարություն չի հաստատվում: «Նույնիսկ համաշխարհային փորձով սա բացառված է։ Մինչև ավտորիտար համակարգով ռեսուրսներ չօգտագործվեն՝ երկիրը կարգի չի գա, Հայաստանը կընկղմվի քաոսի մեջ, ու սա նոր իշխանության պատասխանատվության տակ է: Անհասկանալի է իրավապահ մարմինների գործողությունների դանդաղկոտությունը, չպետք է տանեն սուրճ խմեցնեն ու բաց թողնեն։ Չիլիում էլ նման սադրանքների դիմեցին, հետո հեղաշրջում արեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանը համաձայն է՝ սրանք հինգերորդ շարասյան գործողություններ են: «Հայաստանում հինգերորդ շարասյունը տեղական ծովահրեշի ու լյութոկրատական իշխանության շահառուների համախմբում է։ Սրանք բոլորը հանդես են գալիս որպես համախումբ ուժ ու հանդես են գալիս հայ ժողովրդի համահավաք կամքի դեմ։ Նրանք հեղափոխության իդեալները տապալելու ձգտում ունեն, և պարզ է, որ սա հրահրվում է Մոսկվայից։ Իմ դիտարկումներով՝ Ռուսաստանում հինգերորդ շարասյունը շատ ավելի ակտիվ չեն գործարկում, իսկ այստեղ իրենց կամքով հանձնվում են։ Նման են Ծերեթելի փողոցում կանգնողներին, ծառայություններ են առաջարկում։ Այսպես ժողովրդավարություն չի հաստատվում, փողոցում դատավոր քաշքշելով ու ԱԳ նախարարին սադրելով ժողովրդավարություն չի լինում»,- եզրափակեց քաղաքագետը։
Ներվայն է մեր ԱԳ Նախարարը։
Posted by Hagop Berberian on Wednesday, May 13, 2020
աղբյուրը՝ 1in.am
![]()