Ի՞նչ մեթոդներով է մանկահասակ երեխան ստանալու սեռական դաստիարակություն

Ի՞նչ մեթոդներով է մանկահասակ երեխան ստանալու սեռական դաստիարակություն. հարցն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներն ուղղել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Մարիա Կարապետյանը պատասխանել է.

«Սեռական շահագործման կամ մանկապղծության դեմ կոնվեցիայի դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը։ Այն խրախուսում է երկրներին իրենց կրթական գործընթացում սեռական անձեռնմխելիության վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու և ինքնապաշտպանվելու ունակություններ տալ։ Սա չի նշանակում, որ երեխաներին պետք է սովորեցնեն՝ ինչ է սեռական անձեռնմխելիությունը, սա անհասանելի է նույնիսկ չափահաս երեխաների համար, ուր մնաց երեխաներին։ Երեխայի տարիքին հարմարեցված կտրվեն ունակություններ, թե ինչպես ճանաչել չափահաս անձի վարքի մեջ հնարավոր ազդանշանները և անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից՝ առանց ամաչելու»:

Հիշեցնենք՝ լիագումար նիստի ընթացքում բուռն քննարկման ու քննադատության արժանացած Լանզարոտի կոնվենցիան ընդունվել է իմքայլականների ձայների մեծամասնությամբ: Մարիա Կարապետյանը տրամաբանական է համարել, որ երեխաներին պետք է վաղ տարիքից սովորեցնել, որովհետև անպաշտպան են:

«12-18 տարեկան երիտասարդները շատ ավելի ունակ կլինեն իրենց պաշտպանելու, եթե տարրական ու միջին դպրոցում տրվեն  տարիքին հարմարեցված գիտելիքներ։ Ոչ ոք չի պատրաստվում Քրեական օրենսգիրքը դասավանդել, տրվում է նշանները ճանաչելու և մեծահասակներից օգնություն խնդրելու ունակություն: Սա նախ ծնողների պարտականությունն է, բայց ընտանիքները տարբեր են լինում, երբ նայում ենք մեր ահասարսուռ վիճակագրությունը, տարեկան 100-ի հասնող սեռական ոտնձգության դեպքերը, հասկանում ենք, որ խոցելի ընտանիքներում են հաճախ տեղի ունենում, որովհետև ծնողները հաճախ բավական հմտություն ու գիտելիքներ չունեն երեխաներին տալու համար»,-ասել է նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ