«Աշխատում եմ գիշերը տխրել, որպեսզի երեխաներս չտեսնեն»․ Լիլի Էլբակյանը՝ 34-ամյակի ու զգացմունքների մասին

Դերասանուհի Լիլի Էլբակյանը երեկ նշել է ծննդյան 34-ամյակը։

«Տարեդարձներս սովորաբար բավականին մեկուսացած էի նշում՝ փակվում էի սենյակում կամ ուղղակի խնդրում, որ ինձ մենակ թողնեն։ Չեմ կարող հստակ բացատրել, թե ինչու էին հիմնականում ավելի տխուր զգացողություններ, բայց գրեթե միշտ ցանկություն էր լինում մենակ մնալ, ուղղակի քայլել։ Կարծում եմ, սա այն օրն է, երբ մարդիկ ունենում են ինչ-որ ակնկալիքներ, որոնք միշտ սպասվածից շատ կամ քիչ են իրականանում։

Երկու դեպքում էլ ստացվում է՝ ակնկալիքները լիարժեք չեն բավարարվում։ Եթե տարիներ առաջ տարեդարձիս օրը մենակ մնալն ու տխրելը բացահայտ էի անում, մայր դառնալուց հետո ամեն ինչ փոխվեց։ Մայրության զգացումն ինձ ստիպեց հրաժարվել էգոիստական այդ մոտեցումից և ուրախացնել իմ երեխաներին։ Աշխատում եմ տխրել գիշերը, որպեսզի երեխաներս չտեսնեն։ Այլապես դա էգոիզմ էր, իսկ էգոիզմը երբեք բավարարվածության զգացում չի կարող տալ։ Աշխատում եմ այնպես անել, որ երեխաներս ուրախանան և այդ օրն իրենք վայելեն»,-ասաց դերասանուհին։

Լիլին նշեց, որ այս տարի բավականին հանգիստ է եղել, քանի որ կարանտինի մեջ էր ու սպասումներ չկային․ «Լավ ծնունդ էր, որովհետև ոչ մի վայրկյան չեմ լարվել։ Օրվա առաջին կեսն անցկացրել եմ աշխատանքային միջավայրում, քանի որ օնլայն քննություններ ունեի՝ ես դասավանդում եմ Մանկավարժական համալսարանում, երկրորդ կեսն արդեն ընտանեկան ստացվեց, որովհետև ամուսինս փոքրիկ անակնկալ էր պատրաստել։ Ընտանիքով գնացինք քաղաքից դուրս գտնվող մի սրճարան, որն այդ օրը միայն մեզ համար էին բացել։ Ընտանեկան ջերմ ու հավես օր ունեցանք»։

Դերասանուհին պատմեց, որ տարեդարձի օրն անցածն ամփոփելիս միշտ իրենից դժգոհ է լինում, որովհետև շատ ինքնաքննադատ է․ «Դեռ փոքր տարիքից էր այդպես, երբ շատ ձեռքբերումներ էի ունենում, թվում էր՝ քիչ է։ Խոսքն իհարկե նյութականի մասին չէ։ Հիշելով իմ մրցանակներն ու դրանց հաջորդած հոգեվիճակս՝ հասկանում եմ, որ իսկապես ինքս ինձանից շատ եմ պահանջում։ Մրցանակից հետո տխրում էի ու մտածում, որ վերջ՝ էլ ստիմուլ չկա։

Շատ շուտ եմ հոգնում ամեն ինչից, դա գալիս է նրանից, որ առաջ եմ գնում, տեղում չեմ դոփում։ Ցանկացած հարցում, երբ գոհության զգացումն ապրում եմ՝ հասկանում եմ, որ դա լավ չէ, ես պետք է թողնեմ ու ձգտեմ ավելիին։ Երբեք չեմ սիրում ինձնից գոհ լինել»։

Լիլին «Ժիրայր Գլենց» հեռուստասերիալում մարմնավորել է 16-ամյա աղջկա։ Դերասանուհին ժպիտով ասաց, որ երբ առաջարկը ստացավ, իրեն վստահեցրել են՝ հենց այդքան էլ արտաքնապես երևում է։ Այս փաստը դերասանուհուն ուրախացնում է, քանի որ կարևորում է ներքին երիտասարդությունը․ «Ինձ միշտ թվում է, որ ես դպրոցս անցած տարի եմ ավարտել և դեռ 17 տարեկան եմ։ Մեր ընտանիքում ինձ հենց այդպես էլ վերաբերվում են։

Հայրիկս ու մայրիկս նախատում են այնպես, ինչպես դա կանեին տարիներ առաջ, պապաս ինձ ասում է՝ փոքրիկ Լի։ Այդպես ինձ եղբայրս էր անվանում։ Իմ ընկալումն այնպես է, որ ես դեռ շատ փոքր եմ։ Հոգումդ մանուկին պահելով՝ դու այնքան լավ ես քեզ զգում։ Ես գիտեմ, որ մանուկներին են այցելում ամենաբարի հերոսները, նրանց կյանքում են հրաշքներ տեղի ունենում։ Իհարկե, առաջին կնճիռներին հանդպելով՝ հիշում ես, որ մեծանում ես, բայց դա չի խանգարում ներսի փոքրիկ երեխային»։

Նյութի աղբյուր՝ tert.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ